Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցությունը (AIEA/ՀՈՒՄԸ) իր հերթական 13-րդ համաժողովը կանցկացնի Երեւանում, հոկտեմբերի 9-11-ը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ:
Միջազգային մեծ հեղինակություն վայելող այս ընկերակցությունը հիմնադրվել է 1981 թ., հայագետներ Մայքլ Սթոունի եւ Յոս Վայթենբերգի նախաձեռնությամբ։ Միավորում է ավելի քան 20 երկրներից (1988 թ. նաեւ Հայաստանից) 400-ից ավելի հայագետների եւ հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների: Ընկերակցության հիմնական կորիզն են կազմում եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող հայագիտական կենտրոնների առաջատար ուժերը՝ օտարազգի եւ հայ գիտնականներ:
Ընկերակցության հիմնական նպատակներից է խթանել հայագիտության զարգացումն իր բոլոր բնագավառներով, ի մի բերել եւ գիտական շրջանառության մեջ դնել նորագույն ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաեւ կազմակերպել այս ոլորտի մասնագետների փորձի փոխանակումը:
Ընկերակցությունը կապեր է պահպանում աշխարհի տարբեր հայագիտական կենտրոնների, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ-ի, Մաշտոցյան Մատենադարանի հետ։ Այս համագործակցության արդյունքում է, որ Մատենադարանի տնօրենությունը հանդես եկավ հատուկ նախաձեռնությամբ՝ հայագիտական ընկերակցության հերթական 13-րդ համաժողովը անցկացնելու Մատենադարանում, որն ընկերակցության վարչության եւ անդամների կողմից ընդունվեց մեծ խանդավառությամբ:
Սույն համաժողովը հատկապես կարեւոր է այն առումով, որ AIEA-ի գոյության 33 տարիների ընթացքում այն առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում, որը նաեւ լավագույն առիթ է եվրոպական տարբեր համալսարաններ ներկայացնող գիտնական-հայագետներին հայագիտության բնօրրանում համախմբելու համար:
Համաժողովի երեք օրերի ընթացքում տեղի են ունենալու 16 նիստեր, ընթերցվելու է 70 զեկուցում, որից 50-ը արտասահմանից ժամանած հայագետների կողմից:
Վստահորեն կարելի է նշել, որ հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության հերթական 13-րդ համաժողովը, մի կարեւոր քայլ է հայագիտության զարգացման եւ գիտական տեղեկատվության փոխանակման առումով:
Ներկայիս նախագահն է Վալենտինա Կալցոլարին (Ժնեւ), քարտուղարը՝ Թեո վան Լինթը (Օքսֆորդ):



























