Գերմանիայի պատմության համար հոկտեմբերի 3-ը շատ կարեւոր եւ ուրախալի օր է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Նա հիշեցրեց նախապատմությունը. մինչեւ 1990 թվականի հոկտեմբերի 3-տ դեռեւս երկու Գերմանիա գոյություն ուներ: «Գերմանական ժողովուրդը չէր հավատում, որ երկու Գերմանիաների միավորումը կարող է այդքան արագ տեղի ունենալ, եւ դա իսկական հրաշք դարձավ»,- ընդգծեց դիվանագետը:
Նա նաեւ հավելեց, որ Գերմանիայում անցկացվող ցույցերը հանգեցրին Բեռլինյան պատի կործանմանը: «Եվ մեկ տարի պահանջվեց, որպեսզի Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը որոշեր վերամիավորվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ: Այդ պատճառով մենք երկու իրադարձություն ենք նշում. 1989 թվականին Բեռլինյան պատի քանդումը եւ 1990 թվականի հոկտեմբերի 3-ին Գերմանիայի երկու հատվածների վերամիավորումը»,- ամփոփեց Ռայներ Մորելը:




























