Իրականում Հայաստանը Եվրամիության հետ բավական շատ բանակցություններ էր վարել, եւ արդեն կար տեքստը, որը, սակայն, չստորագրվեց, քանի որ այդ ընթացքում Մաքսային միություն մտնելու ցանկություն ծագեց: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ անդրադառնալով հարցին, որ Հայաստանն առայսօր հստակ առաջարկներ չի արել ԵՄ-ի հետ հետագա համագործակցության ձեւաչափի մասով:
Հետեւաբար, ըստ դեսպանի, ստեղծված նոր իրավիճակում երկու կողմերն էլ պետք է որոշեին, թե այդ ամենն ինչ է նշանակում իրենց համար: «Վիլնյուսյան փուլում Եվրամիությունը նաեւ հասկացավ, որ «Արեւելյան գործընկերության» 6 երկրներից յուրաքանչյուրի հետ ինքնատիպ պետք է շփվի: Առաջին գաղափարն այն էր, որպեսզի բոլորին Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հավասար հնարավորություններ տրամադրվեն՝ միեւնույն բովանդակությամբ, սակայն պարզվել է, որ դրա համար տարբեր երկրների մոտ ժամկետները տարբեր են: Օրինակ՝ Բելառուսը բանակցություններ չի վարել համաձայնագրի ընդհանուր տեքստի շուրջ: Իսկ Ադրբեջանն առաջընթաց չունի այս հարցում», - նշել է Ռայներ Մորելը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակում Հայաստանը չէր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը՝ ՄՄ-ին անդամակցելու որոշման պատճառով:




























