ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չան Չունի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Թիան Չան Չունին՝ ՀՀ ԿԳՆ հետ արդյունավետ համագործակցության եւ հայ-չինական կրթական կապերի զարգացմանը նպաստելու համար՝ կարեւորելով հատկապես Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնադրելու ծրագիրը, ինչպես նաեւ ուսանողների փոխանակման եւ կրթաթոշակային ծրագրերը, որոնք նույնպես վերջին տարիներին ընդլայնվել են:

Դեսպանը վերահաստատել է Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի հիմնադրմանն աջակցելու չինական կողմի պատրաստակամությունը եւ հավելել, որ Հայաստանում գործող չինարենի ուսուցման Կոնֆիցիուսի կենտրոնը կարող է դպրոցին աջակցել ինչպես ուսումնամեթոդական այնպես էլ կադրերի պատրաստման հարցերում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կրթության եւ գիտության ոլորտում հայ-չինական համագործակցության եւ երկկողմ կապերի խորացման ուղղությամբ ներդրած մեծ ավանդի համար դեսպան Թիան Չան Չունին պարգեւատրել է ՀՀ ԿԳՆ "Ոսկե հուշամեդալով": Նախարարը նաեւ ընդգծել է, որ դեսպանատունն ու դեսպանն անձնապես առանձնակի դերակատարում են ունեցել երկկողմ կրթական ծրագրերի իրականացման գործում եւ հույս հայտնել, որ դեսպան Թիան Չան Չունը միշտ կմնա Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամը: