NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրող, Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի՝ «Foreign Affairs» հրապարակված հոդվածը:
«Ուկրաինական ճգնաժամը նախկին ԽՍՀՄ երկրներին արտաքին քաղաքականության շուրջ դաժան ընտրության առջեւ կանգնեցրեց: Վերջերս Foreign Affairs-ում հրապարակված հոդվածում Լոնդոնի Համալսարանական քոլեջից Ջեյմս Յանի հոդվածը սադրիչ փաստեր է ներկայացնում, որոնք հիմնված են կասկածելի նախադրյալների վրա:
Յանը հայտարարում է, որ Ադրբեջանը կանգնած է ընտրության առջեւ. կա՛մ դադարել սատարել արեւմտյան լիբերալ կարգը՝ այդպիսով ուղղվելով դեպի Իրան եւ Ռուսաստան, կա՛մ ամբողջությամբ անցնել Արեւմուտքի կողմը եւ վտանգել իր տարածաշրջանային դիրքը:
Սակայն ակնհայտ է մեկ այլ բան: Էներգետիկ հզորությամբ ոգեւորված Ադրբեջանն իրեն բավականաչափ հզոր է համարում, որպեսզի գնա երրորդ ուղիով, որի համաձայն՝ այն ընդունում է ռուսական տիպի բռնապետական մոդելը՝ իրեն համարելով որպես, այսպես կոչված, էներգետիկայի եւ անվտանգության հարցերով «Արեւմուտքի ռազմավարական գործընկեր»: Այդ երկիրը համարում է, որ ստիպված չլինելով ընտրություն կատարել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ՝ կարող է մանեւրել երկուսի միջեւ: Ադրբեջանի վերնախավը հույս ունի, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ գործնական կապերն իրեն թույլ կտան ավելացնել իր հարստությունը՝ չվտանգելով Ադրբեջանի օլիգարխիկ քաղաքական համակարգը: Այդ քաղաքականությունն այժմ փորձություն է անցնում:
Այսօրվա Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը երկու գործոնի հետեւանքով է ձեւավորվել: Առաջինը Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի հետ պատերազմն է, որի արդյունքում Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Ղարաբաղի, այլեւ մասամբ կամ ամբողջությամբ նրան հարակից 7 շրջանների նկատմամբ: Պատերազմում պարտությունը մինչեւ հիմա հանգիստ չի տալիս Բաքվին:
Երկրորդ գործոնը՝ երկրում երկրորդ նավթային բումն է (առաջինը եղել է 19-րդ դարի վերջին): 20 տարի առաջ Կասպից ծովում նավթային նոր պաշարների բացահայտումը երկիրը գրավիչ դարձրեց ներդրումների համար: Այդ ժամանակ Ադրբեջանը «Դարի պայմանագիր» կնքեց համաշխարհային խոշորագույն նավթագազային կորպորացիաների հետ: 2000-ական թվականներին Ադրբեջանը «վայելում էր» աշխարհում ամենաբարձր տնտեսական աճի տեմպերը: Բաքուն նոր դեսպանություններ եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղ «գնեց»: Ի հայտ եկավ օլիգարխների նոր դասակարգ: Բոլորովին վերջերս հարստացած վերնախավը սկսեց մասնավոր ինքնաթիռներ, Լոնդոնում եւ Ֆրանսիայի հարավում տներ եւ նույնպես եվրոպական խոշոր ֆուտբոլային ակումբներ գնել:
Այդպիսով, Ադրբեջանի վերնախավը շահագրգռված է արտաքին ուժերի հետ կապերի ստեղծմամբ, բայց միայն այն դեպքում, եթե դրանք չեն հակասի Բաքվի տնտեսական անվտանգության պահպանմանը: Այլ կերպ ասած՝ Բաքուն ցանկանում է մոտ լինել Արեւմուտքին, բայց՝ ոչ շատ: Դեռեւս ավագ Ալիեւն էր 1990-ականների սկզբին հայտնի իր հետեւյալ հակասությամբ. «Վաշինգտոնը նոր Կրեմլն է», նոր առաջատար հեգեմոնը, որին պետք է շողոքորթել եւ որից պետք է օգտվել:
Արեւմուտքի հետ Բաքվի ներկա հարաբերությունները սահմանվում են 3 կետով. Ադրբեջանի կարգավիճակը որպես տարանցիկ կետ՝ Աֆղանստանից տուն վերադարձող զորքերի համար, նրա սերտ հարաբերություններն Իսրայելի հետ ու Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում նրա դերը եւ, վերջապես, Ռուսաստանին այլընտրանք լինելու խոստում՝ ծրագրվող Հարավային գազատար միջանցքով Եվրոպային գազ մատակարարողի դերում:
Այս բոլոր կետերը որոշակի հետաքրքրություն են ներկայացնում, բայց կարող են չափից շատ խաղարկվել: Աֆղանստանից զորքերի դուրսբերումը պետք է մեկ տարվա ընթացքում ավարտվի: Վաշինգտոնն այժմ միջուկային բանակցություններ է վարում Թեհրանի հետ, իսկ ժամանակին հավակնոտ Հարավային միջանցքի նախագիծը կանգնեցվել է: Եվ այսպես՝ 5-6 տարվա ընթացքում Ադրբեջանը կկարողանա բավարարել Եվրոպայում գազի ընդհանուր պահանջարկի ընդամենը 2%-ը:
Թվում է՝ արեւմտյան նավթային ընկերությունների հետ Ադրբեջանի մեղրամիսը նույնպես ավարտին է մոտենում: Ֆրանսիական «Total» էներգետիկ ընկերությունը դուրս է եկել TAP-ի բաժնետերերի կազմից, իսկ նորվեգական «Statoil» ընկերությունը վաճառել է իր բաժնետոմսերի մի մասը: Այսպիսով՝ Ադրբեջանն այսօր բոլոր օբյեկտիվ պատճառներն ունի՝ իրեն անվստահ զգալու համար:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա այս երկրների միջեւ չի կարող ոչ մի վստահություն լինել, բայց չբարձրաձայնվող փոխհասկացություն կա: Նույնիսկ երբ Ադրբեջանը հանդես եկավ Ռուսաստանի դեմ եւ ՄԱԿ-ում պաշտպանեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ԲԱքվի իշխանությունները հավանության արժանացրին Մոսկվայի հռետորաբանությունն այն մասին, որ Ուկրաինայում ապստամբությունը ծրագրվել եւ ֆինանսավորվել է Արեւմուտքի կողմից:
Ադրբեջանի բանտերում ներկայում 98 քաղբանտարկյալներ կան, որոնց մեծ մասն արեւմտամետ ակտիվիստներ են: Նրանց առաջադրված մեղադրանքները բավական կասկածելի են եւ տատանվում են հարկերի վճարումից խուսափելուց մինչեւ լրտեսության մեջ մեղադրանքը:
Բացի այդ, Ադրբեջանն անընդհատ սրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես Հայաստանին իր թշնամին է հայտարարել: Վերջին հինգ տարիներին ընթացքում Բաքուն հսկայական քանակությամբ հարձակողական սպառազինություն է գնել Իսրայելից, Պակիստանից եւ Ռուսաստանից: Թվում է՝ ընդամենը ժամանակի հարց է, երբ Բաքուն կհրաժարվի խաղաղ բանակցություններից եւ կանցնի ռազմական գործողությունների՝ Ղարաբաղը հետ վերադարձնելու համար: Այդ քայլը, հակամարտությունների գծով բոլոր փորձագետների կարծիքով, աղետալի կլինի բոլոր կողմերի համար:
Այսպիսով, Ադրբեջանի կառավարության աճող ագրեսիվ դիրքորոշումը սպառնում է անկայունությամբ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Իսկ արեւմտյան առաջնորդները չպետք է լսել ռազմավարական համագործակցության մասին Բաքվի «նախերգանքները»: Եթե Ադրբեջանը լրջորեն վերաբերվեր գործընկերությանը, կդադարեր հետապնդել արեւմտամետ գործիչներին եւ ավելի ակտիվորեն կզբաղվեր ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցությունների գործընթացով: Արեւմտյան քաղաքական գործիչները պետք է գորխ ունեն իրական Ադրբեջանի հետ, այլ ոչ թե մտացածիին, որն ադրբեջանական պաշտոնատար անձինք սովոր են «աճուրդի հանել»:




























