«Ուսուցչի օրվան» ընդառաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը հանրապետության լավագույն մանկավարժներին,  այդ թվում` «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների անվանակարգերում հաղթողներին, ավանդաբար հրավիրում է ԿԳՆ` պարգեւներ հանձնելու: Այս տարին եւս բացառություն չէ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այսօր շնորհավորելով նախարարություն այցելած մանկավարժներին, նշել է.

«Օրացույցում կան բազմաթիվ տոներ, սակայն ազգային տոնացույցում իր տեղն է գտել միակ եւ բացառիկ մասնագիտական տոնը` «Ուսուցչի օրը», որը ՀՀ օրենքով է սահմանված` որպես մասնագիտական տոն: Սա մեր պետության եւ ժողովրդի ամենավառ  վերաբերմունքն է առ այն մարդկանց, ովքեր կերտում են մեր ապագան: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ` որպես նախարար, որպես քաղաքացի, եւ ի դեմս ձեզ`  հպարտանալ ուսուցիչների տասնյակ հազարանոց բանակով: Իհարկե, ծանր  է ուսուցչի աշխատանքը. ձեզանից շատերն իրենց աշխատանքը սկսել են դեռ անկախությունից առաջ եւ կառուցելով մեր ազգային դպրոցը` բախվել բազմաթիվ մարտահրավերների, այդ թվում` սոցիալական, ֆինանսական, բովանդակային եւ այլն:

Միաժամանակ ուզում եմ փաստել, որ մեր ազգային բանակից հետո երկրորդ նվիրյալ եւ անխոնջ բանակը մեր ազգային դպրոցն է: Այո, ապագա սերունդը գտնվում է  ապահով ձեռքերում` ձեր ճիշտ կրթության եւ դաստիարակության շնորհիվ: Մենք ունենք հազարավոր ուսուցիչներ, որոնց աշխատանքը երեւում է միայն իրենց համայնքում, դպրոցում, ընտանիքում եւ, չգիտես ինչու, հանրային ուշադրությունը սեւեռված է միայն համակարգի բացասական երեւույթների վրա:

Մենք պարտավոր ենք  հանրությանը ներկայացնել նաեւ հաջողության պատմություններ, միասին կերտել մեր ապագայի տեսլական, որը խարսխված չի լինելու միայն անհիմն լավատեսության վրա, այլ խորը, գիտակցված վերաբերմունք է լինելու մեր պետության, կրթական համակարգի ապագայի հանդեպ: Հայտնի է, որ այս տարին աննախադեպ էր հայ դպրոցականների օլիմպիական մեդալների քանակով, որոնց թիկունքում կանգնած են նրանց  ուսուցիչները,  դաստիարակները, ծնողները:  Նշեմ նաեւ, որ պետության համար կարեւորագույն ոլորտում նոր նախաձեռնությունները սպասել չեն տալիս: Մեկնարկում է Գերազանցության ազգային ծրագիրը, որը նպատակ ունի բարձրացնել ուսուցչի դերը», -նշել է նախարարը` առաջարկելով, որ առաջիկա երեք տոնական օրերի ընթացքում ՀՀ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի հիշի, զանգահարի եւ շնորհավորի իր ուսուցչին` դրանով  հավելյալ ջանքեր եւ լիցքեր տրամադրելով իրենց ուսուցիչներին` դիմակայելու եւս մեկ ուսումնական  տարվա մարտահրավերներին: Միջոցառման ավարտին նախարարը պարգեւներ եւ մրցանակներ է հանձնել վաստակաշատ մանկավարժներին: Պարգեւներ է հանձնել նաեւ ճյուղային արհմիության նախագահը:

Նշենք, որ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլերն անցկացվում  են ՀՀ կրթության եւ գիտության  նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից: 2014 թվականին մրցույթներին մասնակցել է 35 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից եւ Երեւանից: Մրցույթի ամփոփումից հետո հանձնաժողովներն ընտրել են «Տարվա լավագույն ուսուցչին», «Տարվա լավագույն տնօրենին» եւ «Տարվա լավագույն դաստիարակին»:

2014 թվականին ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալի» են արժանացել  Լարիսա Սարգսյանը /Երեւանի N 1 հատուկ կրթահամալիրի տնօրեն/, Համլետ Ղազարյանը /Երեւանի N 2 հատուկ դպրոցի տնօրեն/, Անյա Սահակյանը /Երեւանի Վ.Պետրոսյանի անվ. N 51 հ/դ, պատմության ուսուցիչ/, Գառնիկ Ասմարյանը /վետերան մանկավարժ/: Մի շարք մանկավարժներ արժանացել են ՀՀ ԿԳՆ պատվոգրերի եւ այլ մրցանակների: