Սարալանջի փողոցում «Տոյոտա Կոռոլայի» ձորը կախվելու պատճառով տուժած անձինք Կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցներ են: ԿԳՆ-ի կրթության պետական տեսչության պետ Արամ կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մեքենայի վարորդը՝ Նաիրի Սաղաթելյանը, վնասվածքներ ստացած Աննա Հարությունյանի եւ Նարինե Պոլոտնիկովան իրենց աշխատակիցներն են: Նա նշեց, որ վթարի հետեւանքով Նաիրին ոչինչ չի եղել, իսկ Աննայի եւ Նարինեի քիթն է վնասվել, առաջին բուժօգնություն են ստացել թիվ 1 համալսարանական կլինիկայում եւ գնացել տուն: Տեսչության պետը զրուցել է նաեւ իր աշխատակիցների հետ, որպեսզի հասկանա, թե ինչպես է եղել վթարը:
«Նաիրին պատմեց, որ իր մեքենայով դուրս էին եկել 12-ի կողմերը, ասաց երեւի աչքս կպավ, ձեռքից ղեկը փախավ եւ քանի որ մեքենան ճանապարհի եզրով էր ընթանում, ավտոն կախվեց ձորը: Բարեբախատաբար, նրանց ոչինչ չի եղել, միայն մեքենան է ջարդուփշուր եղել»,-ասաց Արամ Կարապետյանը՝ հավելելով, որ Նաիրին բացարձակապես ալկոհոլ չի օգտագործում, երբ ղեկին է լինում:
Երեք տուժածներն էլ ամուսնացած չեն, Աննան նշանված է եւ նշանածն էլ նրանց հետ է եղել: Իսկ թե որտեղ էին գնում ԿԳՆ աշխատակիցներն այդ ժամին, տեսչության պետն ասաց, որ հյուր էին գնացել:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում հոկտեմբերի 3-ին, ժամը 04.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Տոյոտա Կոռոլա» մակնիշի 04 OU 700 համարանիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել ճշտել) դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել գազատարի եւ մասամբ կախվել ձորը:
Ուղեւորներ` 23-ամյա Ա. Հ.-ն եւ 24-ամյա Ն. Պ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:





























