Եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ-պետություն, Հայաստանի հետ նրա հարաբերություններում ոչ մի փոփոխություն չի լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լահյուն՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության դեպքում Երեւանի եւ Թբիլիսիի հարաբերությունների բնույթին եւ այն հանգամանքին, որ երկու երկրները կհայտնվեն անվտանգության տարբեր համակարգերում:
Դեսպանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է որոշում սեփական արտաքին քաղաքականությունն ու Դաշինքի մաս չկազմող երկրների հետ հարաբերությունները: «Ի տարբերություն միջազգային այլ կազմակերպությունների՝ ՆԱՏՕ-ն իր անդամներին չի թելադրում, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարել: Հետեւաբար, որպես ինքնիշխան պետություն՝ Վրաստանն ինքը կորոշի Հայաստանի հետ իր հարաբերությունների բնույթը: Դաշինքը դրան հետ ոչ մի առնչություն չունի»,- վստահեցրեց Լահյուն:
Ըստ նրա, ՆԱՏՕ-ն Վրաստանին միայն պաշտպանությամբ կապահովի: «Դաշինքը Ռուսաստանին չի դիտարկում որպես թշնամի, այլ որպես Ուկրաինայի շուրջ գործողությունների պատճառով Եվրոպայի վրա ապակայունացնող ազդեցություն ունեցող գործոն»,- հավելեց ՆԱՏՕ-ի պաշտոնյան:




























