Երեւանի Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի աշխատակիցները ատամնատեխնիկական վառարան են ստեղծել կերամիկական պրոթեզների համար: Այս մասին Երեւանում մեկնարկած DigiTec տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցին հայտնեց ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ցածր ջերմաստիճանների ֆիզիկայի լաբորատորիայի ղեկավար Սուրեն Հարությունյանը: Նրա խոսքով, նոր վառարանը դեռեւս չեն հասցրել առաջարկել արտասահմանյան ստոմատոլոգիական կլինիկաներին, բայց հայկական մի քանի կլինիկաներում այն արդեն աշխատում է:
«Մեր մոդելը շատ պարզ ենք կոչել՝ A-Tam (ատամ): Նման արտասահմանյան մոդելներ, իհարկե, կան, սակայն Հայաստանում մենք ավելի հասանելի ենք: Իսկ դա նշանակում է, որ կարող ենք արագորեն օգնել նաեւ սպասարկման հարցում»,- հավելեց Հարությունյանը:
Հավելենք, որ DigiTec ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UITE), գլխավոր հովանավորը՝ Ucom ընկերությունը: Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի վարչապետի հովանու ներքո:




























