Microsoft-ը մտածում է Հայաստանում հետազոտական կենտրոն բացելու գաղափարի շուրջ: Այս մասին Երեւանում կայացած DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նրա խոսքով՝ այդ հնարավորությունը քննարկելու նպատակով Հայաստանի կառավարությունը Microsoft-ի ղեկավարությանը նոյեմբերի սկզբին մեր երկիր այցելելու հրավեր է ուղարկել:
Ենգիբարյանը նշեց, որ Microsoft-ը շատ գոհ է 2011 թվականի մայիսից Հայաստանում գործող իր Ինովացիոն կենտրոնի աշխատանքից: «Կորպորացիայում մեզ ասում են, որ այն համարում են աշխարհում գործող նման 80 կենտրոններից լավագույններից մեկը: Մասնավորապես, Microsoft-ն այստեղ մասնագետների է ուղարկել Վրաստանից, որոնք կկարողանան ծանոթանալ մեր փորձին՝ իրենց երկրում նման կենտրոն բացելու համար»,- նշեց Ենգիբարյանը:
Եթե ինովացիոն կենտրոնը ցանկացողների լայն շրջանակին գիտելիք եւ հնարավորություններ է մատուցում, ապա հետազոտականն աշխատելու է հենց Microsoft-ի համար: «Ինչպես տեսնում եք՝ խնդիրն այնքան էլ դյուրին չէ, սակայն Microsoft-ը համաձայն է փորձել: Երկու ամսվա ընթացքում մենք պետք է կենտրոնի աշխատանքի նախագիծ կազմենք եւ ֆինանսավորման հայտ ներկայացնենք: Կարող եմ ասել, որ նախնական համաձայնությունը կա, մնում է միայն մանրամասների ուղղությամբ աշխատել»,- նշեց Բագրատ Ենգիբարյանը: Նրա խոսքով՝ կենտրոնի զարգացման համար կորպորացիան ցանկանում է օգտագործել նաեւ իր հայ աշխատակիցների ներուժը:
Հավելենք, որ DigiTec ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UITE), գլխավոր հովանավորը՝ Ucom ընկերությունը: Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի վարչապետի հովանու ներքո:



























