Հայաստանում 2008թ.-ից սկսած հոկտեմբերի 4-ին նշվում է Կենդանիների պաշտպանության միջազգային օրը։ Այս մասին հոկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայում կենդանիների հարցերով զբաղվող «Pro Paws» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Նարե Արամյանը։

Ըստ նրա՝ տարեցտարի կենդանիների պաշտպանների շարքերում ավելանում է հայտնի մարդկանց թիվը։

«Այս տարի մենք լուսանկարչական նախագիծ նախաձեռնեցինք՝ «Նշանավոր մարդիկ՝ հանուն անտուն կենդանիների», ինչպես նաեւ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների լուսանկարչական նախագիծ», - նշել է Նարե Արամյանը։

Հայաստանում կենդանիների պաշտպանության իրավիճակին անդրադառնալով՝ նա ընդգծել է, որ սա միակ ոլորտն է, որտեղ, ի տարբերություն ԱՊՀ-ի եւ Եվրոպայի, օրենսդրական դաշտը բացակայում է։  «Մեր միջազգային գործընկերների միջոցով նամակներ ենք ուղղել վարչապետին, Ազգային ժողովին եւ արձագանք չենք ստացել։

Հաշվի առնելով կառավարությունում կատարված փոփոխությունը՝ մտադիր ենք նամակ ուղարկել նաեւ ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Վերջին տարիներին միայն մեկ դրական փոփոխություն է կատարվել. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը միակն էր, ով համաձայնել է ոչ միայն համագործակցել, այլեւ միջնորդություն ներկայացնել կենդանիների պաշտպանության ոլորտում օրենսդրական նախաձեռնությունների համար»,- ընդգծել է Նարե Արամյանը։