Ադրբեջանում դեռևս առկա են պաշտոնական կառույցների կողմից տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը անհիմն միջամտելու փաստեր, ինչը շատ է անհանգստացնում ձեռներեցներին, մասնավորապես թուրք գործարարներին։ Այս մասին ադրբեջանական «Էխո»-ին է հայտնել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, տնտեսական քաղաքականության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամ Նազիմ Մամեդովը։

Ըստ նրա, ինքն անձամբ հարկային ոլորտի բարեփոխման ու կատարելագործման կողմնակից է, սակայն մասնավոր բիզնեսին անհիմն միջամտելու փաստերը պետք է բացառվեն. «Բացասական ավանդույթները պետք է մնան անցյալում։ Չէ որ, եթե ձեռներեցներից մեկի հանդեպ որևէ անարդար բան արվի, ապա դա շղթայական ռեակցիայով փոխանցվում է գործարար մյուս շրջանակներին, ինչը բացասաբար է անդրադառնում երկիր ներդրումների հոսքի վրա»։

Ամեն դեպքում, ինչպես նշել է խորհրդարանականը, թուրքական շատ ընկերություններ եվրոպական շուկաներում միջոցների ներդրմանը զուգահեռ, ներդրումներ են կատարում նաև հետխորհրդային տարածքի թուրքալեզու երկրների, այդ թվում և Ադրբեջանի տնտեսության մեջ։ Վերջին 9 տարիներին Թուրքիայից Ադրբեջան է մուտք գործել մոտ 3,5 մլրդ. դոլար։ Միաժամանակ, այս տարվա 6 ամիսների ընթացքում թուրքական 59 ընկերություններ Ադրբեջանից դուրս են հանել 653 մլն. դոլարի միջոցներ, ընդ որում, կապիտալի կեսամյա հոսքի շուրջ 77%-ը, այսինքն՝ 499,2 մլն. դոլարը, բաժին է հասնում թուրքական մեկ ընկերության։

Ըստ խորհրդարանականի, վերջին ժամանակներս Ադրբեջանում որոշ անհանգստություն էր առկա մինչև ղարաբաղյան հակամարտության լուծումը Հայաստանի հետ սահմանի Թուրքիայի հնարավոր բացման կապակցությամբ. «սակայն հետո հարցի մեջ պարզություն մտցվեց»։ Մամեդովը նշել է, որ հարկավոր է հուսալ, որ այսուհետ էլ թուրքական ընկերությունները կշարունակեն ներդրումներ կատարել ադրբեջանական տնտեսությունում. «Սակայն դա անմիջականորեն կապված է երկրում արգելքների վերացման ու արտասահմանյան կապիտալի շրջանառության պայմանների պարզեցման հետ»։