Կենդանաբանական այգիներում եւ կրկեսներում կենդանիների առկայությունն ուղեկցվում է նրանց հոգեբանական խնդիրներով։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է կենդանիների իրավունքների պաշտպան, ակտիվիստ Կարինե Փանոսյանը։
Ըստ նրա՝ որքան մեծանում է մարդկային օրենքների թիվը, այնքան նվազում է կենդանիների անվտանգության մակարդակը։
«Խախտելով սահմաններն ու բնության օրենքնրը՝ մարդը ստեղծել է արհեստական միջավայր եւ այդ միջավայրում կենդանիները հուսալի վիճակում չեն։ Ինչո՞ւ այսօր ժամանակակից աշխարհում, երբ համարվում է, որ բանական մարդը հասել է մտքի բարձրակետին, կենդանիները պետք է պաշտպանության կարիք ունենան։ Մենք մոռանում ենք, որ բնության գերակայող մաս չենք ու պետք է պահպանենք բնության օրենքները», - ընդգծել է Կարինե Փանոսյանը։
Անդրադառնալով կենդանաբանական այգիներին եւ կրկեսներին՝ նա նշել է, որ սա շատ լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում։ «Երբ կենդանին գտնվում է ազատավանդակում, տեղի են ունենում կենսաբանական փոփոխություններ, այն այլեւս չի կարող ինքնուրույն գոյատեւել բնության մեջ։ Սա նույնն է, ինչպես անմեղ մարդուն կալանավորելը։ Ցանկացած կենդանաբանական այգի սպառնալիք է եւ դաժան վերաբերմունքի դրսեւորում կենդանիների կյանքի հանդեպ»,- մտահոգություն է հայտնել Կարինե Փանոսյանը։
Կրկեսում նույնպես, հավելել է նա, կենդանիներին վարժեցնելիս կոշտ միջոցներ են կիրառում։ «Պետք չէ մոռանալ, որ կենդանիներն էլ զգացմունքներ ունեն եւ լեզու՝ շան հաչոցը, կատուների մլավոցը», - նշել է նա։
Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության միջազգային օրն է։




























