Եվրամիության ութ երկրներ պահանջում են Եվրոպայում խստացնել սահմանի վերահսկողությունը, փոխանցում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով գաղտնի փաստաթուղթը, որի մասին գրում է Daily Telegraph-ը:
Ըստ թերթի` Եվրոպայում սահմանի վերահսկողության ուժեղացման հարցը քննակվելու է ԵՄ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
Միության ութ երկրներ (Մեծ Բրիտանիա, Բելգիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան, Իսպանիա եւ Նիդեռլանդներ) ԵՄ-ում սահմանի վերահսկողությունը խստացնելու դիրքերից են հանդես գալիս:
Եվրոպացի պաշտոնյաների մտավախությունները կապված են Սիրիայից եւ Իրաքից եվրոպացի ջիհադիստների վերադարձի հետ: Ըստ եվրոպական իշխանությունների` շուրջ 3000 «արտասահմանցի գրոհայիններ» կարող են ազատ տեղաշարժվել ԵՄ-ով` տեղաշարժման ազատության շնորհիվ: Օրենքները նրանց թույլ են տալիս Եվրոպա վերադառնալ առանց սահմանային ստուգումների:
«ԵՄ-ում այդ մարդկանց կողմից ահաբեկչություն կատարելը միայն ժամանակի հարց է: Կառավարությունները սարսափած են», - թերթին հայտնել է եվրոպացի անանուն դիվանագետը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, որը կապեր ունի «Ալ Քաիդայի» հետ, մի քանի ամիս առաջ աշխուժացրել է իր գործունեությունն Իրաքում եւ Սիրիայում:


























