Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մասնագետների խմբի մշակած սքաները տեղադրվել է տարրական մասնիկների ֆիզիկայի միջազգային առաջատար մի շարք կենտրոններում: Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ցածր ջերմաստիճանների ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Սուրեն Հարությունյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ ինստիտուտի մշակած մասնիկների խմբերի սքաներն արդեն օգտագործվում է ԱՄՆ-ում Արգոնի ազգային լաբորատորիայում եւ Գերմանական էլեկտրոնային սինխրոտրոնում (DESY), ինչպես նաեւ ճապոնական Կիոտոյի խոշորագույն հետազոտական կենտրոններից մեկում:

Դեռեւս 2008 թվականին իր մշակման համար Հարությունյանը հեղինակավոր՝ Ֆարադեյի գավաթ է ստացել: Պարգեւը շնորհում է Արագացուցիչների ախտորոշման միջազգային հանրությունը, որը միավորում է խոշորագույն կենտրոնների մասնագետների. ամերիկյան Ջեֆերսոնի լաբորատորիա, Բերքլիի եւ Լոս Ալամոսի ազգային լաբորատորիա, եվրոպական DESY եւ CERN (Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն), ճապոնական Spring-8 արագացուցիչ եւ այլն:

Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում, ցավոք, սքաները գործածելն անհնար է, քանի որ ինստիտուտի արագացուցիչը գրեթե չի գործում: Հայաստանում համագործակցության հնարավորությունն ընդլայնվեց երկու խոշոր նախագծերի շնորհիվ. AREAL արագացուցիչի, որը բացվել է 2014թ. հուլիսին, CANDLE ծրագրով, եւ ուռուցքաբանությունում Գերազանցության կենտրոնի համար պրոտոնային արագացուցիչի՝ Հայաստանի Մրցունակության ազգային հիմնադրամի ծրագրով:

«Մեր սքաների օգնությամբ հնարավոր է որոշել մասնիկների խմբի տեսակը եւ նրա տեղաշարժը: Մեր մշակած մոդելները թույլ են տալիս չափել մեծ միջակայքով խմբերը եւ չլիցքավորված մասնիկների, մասնավորապես՝ նեյտրոնների խմբերը: Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը ոչ միայն հիմնարար, այլեւս կիրառական նշանակություն ունեն»,- ընդգծեց գիտնականը:

Այսպես, մեծ թվով սքաներներ կարող են հարկավոր լինել ԱԷԿ-ում նեյտրոնների հոսքի չափման համար: Եվս մեկ կարեւոր ուղղություն է նեյտրոնային օնկոթերապիան: «Պրոտոններով բուժման մեթոդներն արդեն տարածում են ստանում, բայց դրան զուգահեռ նաեւ մշակվում է նեյտրոններով ուղղությունը: Դրա համար հարկավոր է չափել դրանց հոսքը: Իսկ դա շատ դժվար է, քանի որ նեյտրոնները, ինչպես հայտնի է, լիցքավորում չունեն: Մեզ հաջողվել է լուծել այդ խնդիրը»,- հայտարարեց Հարությունյանը:

Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները հույս ունեն ուռուցքաբանական թերապիայում հետազոտությունը հետագայում զարգացնել նաեւ Երեւանում Գերազանցության կենտրոնի պրոտոնային արագացուցիչի հիմքով: