Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին կհուղարկավորեն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Կանադայում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ վերջինիս դին եղբայրների միջոցով ուղարկվել է Կանադա, որտեղ նրան կհուղարկավորեն մոր եւ հոր կողքին: Սերոբ Տեր-Պողոսյանի կինը եւս գտնվում է արտերկրում:
Նրա մահվան դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը առայժմ չկա:
Նշենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը օգոստոսի 21-ին հիվանդանոց էր տեղափոխվել հերթական քիմիաթերապիայի կուրսն անցնելու նպատակով: Իսկ սեպտեմբերի 21-ին ժամը 09:05-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Սերոբ Տեր-Պողոսյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012թ նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել մանկապղծության համար:




























