Հայկական VTG Software ընկերությունը բջջային հավելվածների մշակողների համար ծրագիր է ներկայացրել: Ընկերության բջջային մշակումների խմբի ղեկավար Անդրանիկ Ասիլբեկյանը Երեւանում կայացած Digitec ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ ընկերության նոր մշակումը ձգտելու է գրավել բջջային հավելվածներ մշակողների աճող հանրությանը: «Վերջին մի քանի տարիներին բջջային հավելվածներ մշակողների թիվն իսկապես շատ ավելին է, եւ մենք շատ ուրախ ենք դրա համար: Մեր գործիքն իր հերթին շատ հարցերում կօգնի նրանց, իսկ հնարավոր է՝ նաեւ նրանց արտասահմանյան գործընկերներին»,- հավելեց Ասիլբեկյանը:
Ծրագրի հնարավորություններից է հեռահար ծրագրային սպասարկման ապահովումը, այդ թվում՝ այն հաճախորդներին, ովքեր մշակումների մասնագետ չեն եւ միայն զբաղվում են ծրագրային սպասարկմամբ: «Հեռահար վերահսկողության շնորհիվ ծրագրում կարելի է ավելի արագ «մաքրել» հնարավոր թերությունները»,- հավելեց նա:
Ծրագրում ներառված են ելքի կոդը դիտելու, ծանուցումների Push notification մեխանիզմի (որը ծանոթ է iPhone-ի եւ Windows Phone-ի օգտատերերին), ինչպես նաեւ վերլուծության մեխանիզմի հնարավորությունները: «Ինչպես լայնորեն հայտնի գործիքները, ասենք՝ նույն Google-ը, մենք նույնպես հնարավորություն ենք ընձեռում օգտատիրոջ պատմության հիման վրա վերլուծել ծրագրի արդյունավետությունը: Ասենք՝ այս մոդուլն օգտագործվել է հաճախ եւ առանց խնդիրների, ուրեմն՝ կարգին է: Իսկ այս տարբերակն օգտագործել են քիչ եւ դժվարությամբ: Այդ բոլոր տվյալները մշակողը ստանում է, ինչից հետո դյուրությամբ հասկանում է, թե իրենից ինչ են ցանկանում հաճախորդները»,- պարզաբանեց Ասիլբեկյանը:
Հիշեցնենք, որ DigiTec ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն էր (UITE), գլխավոր հովանավորը՝ Ucom ընկերությունը: Ցուցահանդեսն անցկացվում էր Հայաստանի վարչապետի հովանու ներքո:




























