Մերձավոր Արեւելքում «Արաբական գարունը» ցույց տվեց Հայաստանի եւ հայկական համայնքների միջեւ կապի անարդյունավետությունը, հոկտեմբերի 6-ի մամուլի ասուլիսում հայտարարել է արաբագետ Հայկ Քոչարյանը
Ըստ նրա` Իրաքում հայ համայնք արդեն համարյա չկա: «Մենք պետք է մտածենք Սիրիայի հայ համայնքի մասին, մասնավորապես` Հալեպի, սակավաթիվ հայեր են բնակվում նաեւ Դամասկոսում: Անհրաժեշտ է օգնել Սիրիայի հայ համայնքին», - ընդգծել է Հայկ Քոչարյանը:
Խոսելով «Իսլամական պետության» գործողությունների եւ Մերձավոր Արեւլքում իրադարձություններին Հայաստանի հարեւան երկրների ունեցած մասնակցության մասին` արաբագետը նշել է, որ միանգամայն հնարավոր է, որ դա մեր երկրի համար կհանգեցնի հաղորդակցական հնարավորությունների բարդացման: «Երկրորդ, եթե հաշվի առնենք, որ հարեւան երկրի քաղաքացիները մասնակցում են ռազմական գործողություններին, դա կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար, քանի որ պարզ չէ, թե ուր կուղարկվեն այդ գրոհայիններն իրենց իշխանությունների կողմից` հետագայում հայրենիք վերադառնալու դեպքում», - ասել է Հայկ Քոչարյանը: Նա հավելել է, որ Իրաքի ճակատում հարցը սահմանափակված է ԻՊ-ի դեմ իրաքցիների եւ քրդական ուժերի պայքարով, եւ հիմնական գործողությունները տեղի են ունենում Սիրիայի ճակատում:




























