Հոկտեմբերի 4-5-ը Մեխիկոյում անցկացված ռետրո ավտոմեքենաների շքերթն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Շքերթին մասնակցել է 1721 մեքենա:

Դասական ավտոմեքենաների շքերթը նախապես ծրագրվում էր կազմակերպել որպես աշխարհում ամենամասշտաբայինը: Այդ կերպ տեղական իշխանությունները ցանկանում էին գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը քաղաքի հանդեպ եւ բարելավել աշխարհում Մեխիկոյի վարկանիշը: Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հաստատել են, որ մեքսիկացիներին հաջողվել է գերազանցել 2002թ. Զանդվորտ քաղաքում արձանագրված ցուցանիշը. հոլանդացիների շքերթին մասնակցել էր 948 մեքենա:

Շքերթին թույլատրվել է մասնակցել 30 տարուց մեծ ավտոմեքենաների: Դրանք եղել են ե՛ւ Ford-ի, Rolls-Royce-ի, Jeep-ի, Volkswagen-ի, Chevrolet-ի դասական մոդելներ, ե՛ւ հասարակական տրանսպորտ, միկրոավտոբուսներ եւ ավտոբուսներ: Շքերթին հետեւել է շուրջ 250 հազար մարդ: