Վայոց Ձորի Արենի համայնքում հոկտեմբերի 4-ին կայացած Գինու 6-րդ փառատոնին մասնակցել է ավելի քան 20 հազար քաղաքացի: NEWS.am-ի թղթակիցը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ զրուցել է փառատոնի մասին:

Պարոն Ղազարյան, Գինու փառատոնը արդեն ավանդույթ է դարձել Վայոց Ձորում: Ինչո՞վ էր այս տարվա փառատոնն առանձնանում նախորդներից, արդյո՞ք այն արդարացրեց կազմակերպիչների ակնկալիքները:

Փառատոնն այս տարի հնգօրյա էր, մենք այն կազմակերպեցինք հոկտեմբերի 1-5-ը մարզի տարբեր համայնքներում: Ուրախությամբ պետք է ասեմ, որ բոլոր միջոցառումներն իրականություն դարձան շատ բարձր մակարդակով, մեր բոլոր սպասումներն արդարացան: Մենք նպատակ ունեինք տարեցտարի ավելացնել համայնքների եւ օրերի թիվը, այսինքն որ փառատոնը լինի ոչ թե մեկ համայնքում, այլ մարզի տարբեր համայնքներում: Հիմիկվանից արդեն մտածում ենք հաջորդ տարվա մասին, կան համանքներ, որոնք արդեն այս տարվանից դիմել են եւ ցանկություն հայտնել՝ մասնակցելու հաջորդին: Բացի դրանից՝ այս տարի ունեինք մշակութային ծրագիր. հոկտեմբերի 1-5-ը ամեն երեկո Եղեգնաձորում անցկացվել են երաժշտական միջոցառումներ: Իսկ Արենիում այս տարի աննախադեպ մասնակցություն կար:

Մոտավորապես ինչքա՞ն մարդ է մասնակցել հոկտեմբերի 4-ի փառատոնին:

Մոտավոր հաշվարկներով միայն Արենի գյուղում օրվա ընթացքում այցելել է ավելի քան 20 հազար մարդ: Ի դեպ անցած տարի այդ թիվը 12 հազարի էր հասնում: Սա աննախադեպ ցուցանիշ է առհասարակ բոլոր փառատոների մեջ:

Պարոն Ղազարյան, եկամուտ հետապնդո՞ւմ է փառատոնը: Եթե այո, ինչքա՞ն եկամուտ եք ստացել այս տարի:

Կազմակերպիչները եկամուտ չեն հետապնդում, մեր նպատակն է, որ համայնքի բնակիչները, գինեգործակական ընկերությունները շահույթ ստանան, եկամուտներ ունենան:

Տեղյա՞կ եք՝ գյուղացին գոհ էր առեւտրից:

Այո, գյուղացիները գոհ էին, ի դեպ այս տարի ավելի շատ մարդիկ մասնակցեցին, քան անցած տարի էր: Բնակիչներն ունեին առանձին տաղավարներ, որտեղ եւ հյուրասիրում էին, եւ վաճառում էին տնական գինի, գյուղատնտեսական այլ ապրանքներ: Իհարկե, առանձին սուբյեկտների եկամուտների հաշվառում չենք կատարելու, բայց գիտենք, որ գոհ են:

Մարզին ընդհանուր առմամբ ի՞նչ է տալիս այս փառատոնը: Արդյո՞ք խթանում է գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը:

Մեր հիմնական նպատակներն են տեղական գինիների հանրայնացումը, նրանց հեղինակության ճանաչելիության բարձրացումը, տարածաշրջանային զարգացումը եւ գյուղատնտեսության զարգացումը: Մենք, օրինակ, մտադրություն ունենք հաջորդ տարի Արենիի փառատոնը դարձնել միջազգային գինեգործական փառատոն: Փառատոնին հրավիրվում են հանրաճանաչ սոմելյեներ, որոնք նաեւ կազմակերպում են գինու համտես: Մենք այս տարի նաեւ մշակել ենք Արենի համայնքի տարածքի բրենդ, նախնական քննարկում է ունեցել Վայոց Ձորում եւ մոտ օրերս կլինի պրեզենտացիա այդ բրենդի մասին: Ի դեպ, հենց սա էլ հաջորդ տարվա փառատոնի խորհրդանիշն է լինելու:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը