28-ամյա ավստրալուհի Դավա Վուլինը հանել է դիմակը, որի ներքո սարսափելի այրվածքներից հետո երկու տարի շարունակ թաքցնում էր դեմքը:

Ըստ Mirror-ի, 2012թ. փետրվարին աղջիկը սեփական տանը բազմոցին նստած է եղել, երբ Նատալի Դիմիտրովսկան նրա վրա դենատուրատ (տեխնիկական սպիրտ) է լցրել եւ այրել: Կատարվածից հետո Վուլինը նախ կոմայի մեջ է եղել, այնուհետեւ եւս 30 ամիս Արեւմտյան Ավստրալիայում բուժում անցել: Աղջիկն ավելի քան 30 վիրահատության է ենթարկվել:

Ինչ վերաբերում է Դիմիտրովսկային. նրա դաժան արարքի պատճառն ամուսնու հանդեպ խանդն է եղել: Վուլինը նրա ամուսնու հետ ծանոթացել է 2011 թվականին, կազինոյում, ամանորյա երեկույթի ժամանակ: Իմանալով այդ մասին՝ Դիմիտրովսկան սպառնացել է այլանդակել նրա «սիրունիկ դեմքը»:

Դիմիտրովսկային մեղադրել են մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու համար եւ 17 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել: