Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Գեղարքունիքի Գավառ մարզկենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է մարզի բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքները: Ըստ այդմ` գեղարքունիքցիների համար հիմնախնդիրների շարքում առաջին տեղում գործազրկությունն է, երկրորդում` ճանապարհները, երրորդ տեղում գյուղատնտեսության զարգացման հիմնախնդիրն է, եւ չորրորդում`  Սևանա լճի խնդիրը։ Ըստ վարչապետի` Գեղարքունիքի բնակչության գերակշիռ մասը` շուրջ 80 տոկոսը, դրական է գնահատում կառավարության կողմից ձեռնարկվող այն միջոցները, որոնք առնչվում են Սևանա լճին։

Վարչապետին զարմացրել է այն հանգամանքը, որ բնակչության 78 տոկոսի կարծիքով կառավարությունը պետք է խստացնի իր մոտեցումները ձկնորսության հետ կապված, այնինչ ձկնաբուծությունը, ձկնորսությունը կարծես թե հնարավորություն են տալիս մեղմացնել նաեւ մարզի սոցիալական խնդիրները։

Ի տարբերություն այլ մարզերի, Գեղարքունիքի մարզի ընտանիքները գտնում են, որ կառավարությունից հետո իրենք են պատասխանատու իրենց ապագայի համար։ «Դրանով է պայմանավորված այն, որ բարձր են ապագայի վերաբերյալ գնահատականները։ Չնայած մարզը սոցիալ-տնտեսական ցուցանիշներով զիջում է այլ մարզերին, բայց լավատեսության մակարդակն այստեղ բարձր է նույնիսկ Արարատի մարզից, որն իր սոցիալ-տնտեսական ցուցանիշներով ամենազարգացած մարզերից է, և մեր նախորդ նիստն այնտեղ էր»,- ասել է Տ. Սարգսյանը: Նա նաեւ մեկ այլ ուշագրավ դիտարկում է արել` Գեղարքունիքը՝ համեմատ մյուս մարզերի, պակաս քաղաքականացված է: Սակայն այնքան էլ պարզ չէ` վարչապետը դա ներկայացրել է որպես դրակա՞ն, թե՞ բացասական գործոն: