Հայաստանը եւ Վրաստանը, չնայած արտաքին քաղաքականության ուղղությունների տարբերությանը, շարունակելու են համագործակցել եւ պաշտպանել միմյանց շահերը: Ըստ «Գրուզիա Online»-ի, այս մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել են երկու երկրների խորհրդարանների ղեկավարներ Գալուստ Սահակյանն ու Դավիթ Ուսուպաշվիլին:
«Մենք եւս մեկ անգամ հաստատեցինք, որ չնայած Վրաստանն ընտրել է եվրաինտեգրման ուղին, իսկ Հայաստանը պատրաստվում է միանալ Եվրասիական միությանը, երկու երկրների հարաբերություններում ոչինի չի փոխվի դեպի վատը: Հակառակը, մենք պայմանավորվել ենք այդ կառույցներում պաշտպանել միմյանց շահերը»,- մասնավորապես ասել է Ուսուպաշվիլին:
Կողմերը քննարկել են նաեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների հեռանկարները: Նշվել է, որ Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ պետք է ավելի շատ տրանսպորտային հանգույցներ լինեն:
Հոկտեմբերի 7-ին նախանշված է Գալուստ Սահակյանի հանդիպումը երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հայկական պատվիրակության այցը Վրաստան կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը:
Սպասվում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, որում ընդգրկված են նաեւ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը:
Այս տարվա հունիսի 27-ին Վրաստանը ստորագրել է Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը:




























