Հարավկովկասյան երկաթուղին պատրաստվում է ռուսական գնացքների տոմսեր վաճառել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղեւորափոխադրումների բաժնի ղեկավար Գագիկ Մովսեսյանը նշեց, որ իրենք ծրագրում են Ռուսական երկաթուղու տոմսերն իրենց տոմսարկղերում վաճառել արդեն մեկ ամիս անց:
«Տեխնիկական հարցերը լուծված են, սարքավորումները մաքսազերծման փուլում են: Մեր տոմսավաճառն ատեստավորում է անցել Ռուսական երկաթուղում»,- հայտարարեց Մովսեսյանը: Հայաստանի ուղեւորների համար հիմնական մեկնակետը ծրագրվում է դարձնել Մինվոդին, որը Վերին Լարսից ամենամոտ երկաթուղային կայարանն է:
Մովսեսյանի խոսքով՝ Ռուսաստանում աշխատող հայկական ավտոփոխադրողների հետ զրույցների արդյունքում հանգել են եզրակացության, որ մեծ պահանջարկ կունենան ոչ միայն հայերի համար ավանդական Ռոստով, Կրասնոդար կամ Մոսկվա ուղղությունները, այլեւ բազմաթիվ այլ երթուղիներ՝ ընդհուպ մինչեը Վլադիվոստոկը: «Մեր հաշվարկներով, «ավտոբուս+գնացք» երթուղու արժեքն ավելի էժան կլինի ինքնաթիռի տոմսից: Ինչ վերաբերում է ուղեբեռին, ապա Ռուսական երկաթուղով 36 կգ բեռի փոխադրումն անվճար է»,- հավելեց Գագիկ Մովսեսյանը:
«Հարավկովկասյան երկաթուղին»՝ «Ռուսական երկաթուղու» դուստր ձեռնարկությունը, Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարիչն է:




























