Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները դեռ չկան: Այս մասին NEWS.am-ին ասաց գոևրծով կալանավորված Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Երվանդ Վարոսյանի խոսքով՝ բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել եւ ենթադրվում է, որ դրանց պատասխաններից հետո նոր փորձաքննություններ կնշանակվեն:
«Եզրակացություններից հետո չի բացառվում, որ քննչական գործողություններ էլ կարվեն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ նախաքննությունը դեռ երկար է տեւելու:
Նշենք, որ Կատունյանը ՊՆ Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետն էր։ Ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների՝ սպանության դրդապատճառը խանդն է։ Կատունյանի խոսքով՝ ռեկտորի եղբայրը երկար ժամանակ սիրահետել է իր կնոջը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին եւ 235 հոդվածի առաջին մասերով (ապօրինաբար, դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը եւ ապօրինի զենք կրելը): Արման Կատունյանը կալանավորված է եւ գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել էին Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով։




























