Երեւանի Տերյան փողոցում՝ «Աֆրիկյանների շենքի» նախկին տարածքում, այս պահին ոչ մի շինարարություն չի ընթանում: Այս մասին NEWS.am-ին ասաց Աֆրիկյանների ժառանգ Արմեն Աֆրիկյանը:

«Ոչ մի աշխատանք բացարձակապես Տերյան 11-ում չի կատարվում, նույնիսկ հիմք չեն փորել: Հույսեր կային, որ հենց այս հասցեում՝ մի քանի մետր այն կողմ, կվերականգնվի շենքը: Կարծում եմ, որ հենց այս պատճառով էլ շինարարություն չի ընթանում»,- ասաց Արմեն Աֆրիկյանը:

Նրա խոսքով՝ 19-րդ դարի շինության վերականգնման աշխատանքները չեն սկսվել նաեւ «Հին Երեւան» նախագծի շրջանակներում. «Քարերը բացօթյա վայրում են, իսկ այս անձրեւային եղանակը հաստատ կփչացնի քարերը: Ամեն դեպքում «Հին Երեւան» պրոյեկտով ոչինչ չի իրագործվում, կարծես թե խոսակցություններ կան, որ հաջորդ տարվանից պրոյեկտը կսկսի իրագործվել»:

Նշենք, որ մի խումբ մտավորականներ սեպտեմբերի 23-ին բաց նամակով դիմել էին նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել Աֆրիկյանների հուշարձանի վերականգնման եւ պահպանության համար:

Հիշեցնենք, որ19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է՝ որպես բազմաբնակարան շենք, 2014թ.-ի ամռանը քանդվել եւ տեղափոխվել է այլ վայր: Նշենք, որ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որ այն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ տեղափոխվել այլ վայր, սակայն մասնագետները չեն հավատում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի: