Անկարայում Պուտինը մեկը տվեց հինգը վերցրեց

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում ութ ժամանոց այցի ընթացքում մեկը տվեց, հինգը վերցրեց: Այսպես է թուրքական Radikal-ը ներկայացնում Պուտինի այցելությունը Թուրքիա, որի ժամանակ ստորագրվեցին բազմաթիվ համաձայնագրեր` էներգետիկ եւ այլ ոլորտներում:

Կախվածությունը Ռուսաստանից մեծացավ

Կառուցվելիք Երկնագույն հոսք-2 գազատարը, Ջեյհանում էներգետիկ տերմինալի, Թուզ լճի մոտ նախատեսված ստորգետնյա գազապահեստարանի կառուցումը իրականացնելու են ռուսական ընկերությունները` խաղից դուրս թողնելով թուրքական ընկերություններին: Թուրքիան գոհունակությամբ ընդունեց Սամսուն -Ջեյհան նավթամուղի կառուցումը, որի միջոցով տեղափոխվող նավթը պետք է տա Ռուսաստանը: Եթե թուրքական կողմը նույնիսկ կարողանա Ջեյհանը դարձնել ռազմավարական էներգետիկ կայան, այդ դեպքում մեծանում է էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Ստորագրված ռուս-թուրքական էներգետիկ համաձայնագրերը կավելացնեն Ռուսաստանի ուժերը նավթի եւ գազի շուկաներում, ոչ միայն Թուրքիայում, այլ Եվրոպայում եւ աշխարհում նույնպես:

Ինչ շահեց Ռուսաստանը

Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված համաձայնագրերով Թուրքիան Գազպրոմից գնելու է տարեկան 30 միլիարդ խորանարդ մետր գազ, որով էներգետիկ այլ ոլորտներ նույնպես կհայտնվեն Ռուսաստանից կախման մեջ: Թուրքիան կհայտնվի Ռուսաստանից կախյալ վիճակում նավթային եւ ատոմային ոլորտներում:

1.Երկնագույն հոսք նախագծի իրականացման համար պետք է օգտագործվի նաեւ Թուրքիայի յուրահատուկ տնտեսական շրջանը: Այդ հարցում թվում է՝ արդեն կա Թուրքիայի համաձայնությունը:

2.Ատոմակայան: Թուրքիայի էներգետիկ խնդիրները երկար ժամանակով լուծելու համար նախատեսված ատոմակայանը կկառուցվի Մերսինի Աքքույուի շրջանում: Առաջարկվել է ստեղծել ռուս-թուրքական կոնսորցիում` AtomstroyExport-JSC-ի եւ թուրքական Park Teknik (Ջիներ գրուպ) –ի մասնակցությամբ: Մինչ կոնսորցիումի առաջարկը նախատեսված էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատը հաշվել 21 ցենտով: Այնուհետ բանակցություններից հետո այդ թիվը իջել էր 15 ցենտի: Թուրքական կողմը բարձր գնի համար չէր համաձայնվել այդ առաջարկին: Սակայն ինչպես երեւաց այդ հարցի վերաբերյալ Պուտինի վճռական խոսքից, այն վավերացվել է:

3.Երկնագույն հոսք-2: Ռուսաստանը Իսրայելի հետ 30 տարվա գազի պայմանագիր է կնքել: Ըստ այդ համաձայնագրի Ռուսաստանը Իսրայելին սկզբնական շրջանում կտա 4 միլիարդ խ/մ գազ, այնուհետեւ այդ թիվը կհասնի 10 միլիարդ խորանարդ մետրի: Ահա սրա արդյունքում ի հայտ եկավ Երկնագույն հոսք-2 նախագիծը: Ռուսաստանը ցանկանում է, որ Թուրքիայի հետ համատեղ այդ նախագիծը Երկնագույն հոսքի հետ լինի Նաբուկոյի մրցակիցը:

4. Աքսան եւ Գազպրոմը հաձայնագիր են ստորագրել Ջեյհանում բնական գազի կայան ստեղծելու վերաբերյալ: Այս իրավիճակը թույլ կտա աշխարհում գազի շուկայի կեսից ավելին իր ձեռքը վերցրած Գազպրոմին եւս մեկ ռազմավարական կենտրոն ձեռք բերել:

5. Թուրքիան Ռուսաստանի հետ 1996 թվականին պայմանագիր է կնքել, որով Ռուսաստանը մինչ 2011 թվականը գազ է վաճառելու Թուրքիային: Պուտինի այցելության ժամանակ այդ պայմանագիրը երկարաձգվեց: Ռուսաստանը մեկ այլ լավ լուր էլ ստացավ: Պարզվեց, որ Թուզ լճի մոտ գազի պահեստները կառուցելու են ռուսական ընկերությունները: