Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 25-ին Երեւանում հանդիպել է Ավստրիայի Հանրապետության եվրոպական եւ միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերին։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը գոհունակություն է հայտնել Ավստրիայի եւ Հայաստանի միջեւ քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակից եւ կարեւորել երկկողմ տնտեսական կապերի աշխուժացումը։ Ավստրիայի եվրոպական եւ միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերը նշել է, որ Ավստրիայի  կառավարությունը շահագրգռված է ակտիվացնելու համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ։

Խոսելով ԵՄ-ի հետ համագործակցության ընթացքից` Տիգրան Սարգսյանն ընդգծել է Եվրոպական հարեւանության քաղաքականության «Արեւելյան գործընկերության» ծրագրի կարեւորությունը։ Որպես տնտեսական համագործակցության զարգացման առաջնային պայման` կողմերն առանձնացրել են Ասոցացման համաձայնագրի ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Կարեւորվել է նաեւ բարենպաստ պայմանների ստեղծումը ներդրումային դաշտի ընդլայնման համար։

Զրուցակիցներն ընդգծել են նաեւ մշակութային եւ գիտակրթական ոլորտներում համագործակցության խորացման կարեւորությունը։