ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 25-ին ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Երեւան ժամանած Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության մի շարք ոլորտներում փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները, ինչպես նաեւ մտքեր փոխանակել մասնավորապես հանքարդյունաբերության, զբոսաշրջության զարգացման եւ օդային հաղորդակցության բնագավառներում երկու երկրների միջեւ գործարար կապերի աշխուժացման համար բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ։ Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման առումով կարեւորվել է Տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի ստեղծումը։
Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին փոխանցել Քուվեյթի վարչապետի ողջույնները։ ՀՀ վարչապետն իր հերթին ողջույններ է փոխանցել գործընկերոջը` Քուվեյթի վարչապետին եւ հրավերը` Հայաստան։
Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ու Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին ստորագրել են «ՀՀ կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, որը նպատակաուղղված է երկու պետությունների միջեւ ներդրումային եւ գործարար նախաձեռնությունների ակտիվացմանն ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը։


























