Բաքվում Եվրոպական խաղերի համար կառուցվող մարզադաշտի բանվորները գործադուլ են անում: Նավթագործների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար Միրվարի Ղահրամանլին haqqin.az –ին հայտնել է, որ կապալառուներից մեկը՝ «OKR Mühendislik İnşaat Taahhüt Elektrik Enerji Makine Sanayi Ticaret Limited» ընկերությունը, երկար ժամանակ է բանվորներին աշխատավարձ չի վճարում:
Կազմակերպության ղեկավարությունը բանվորներից պահանջում է վերսկսել աշխատանքը՝ սպառնալով ազատմամբ:
Միեւնույն ժամանակ Ադրբեջանում ընկերության մասնաճյուղի ղեկավարը հանդիպել է բանվորների հետ եւ խոստացել աշխատավարձը փոխանցել հոկտեմբերի 17-ից հետո:
Սակայն բանվորները պահանջում են հիմա վճարել, այլապես հրաժարվում են աշխատելուց: Ըստ բողոքողների՝ սա առաջին դեպքը չէ, որ ընկերությունը չի վարձատրում աշխատակիցներին:
Հայտնի է, որ Եվրոպական խաղերի համար Ադրբեջանի իշխանությունները մտադիր են 1,66 մլրդ դոլար հատկացնել:



























