Կարելի է միանշանակ ասել, որ Ղարաբաղի շուրջ լարվածություն է տիրում տարբեր մակարդակի հանդիպումներից առաջ, այդ հանդիպումների ժամանակ կամ դրանցից հետո: Այս մասին հոկտեմբերի 14-ին Ֆրանսիական համալսարան այցի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման հաճախականացմանը:

Ըստ նախարարի՝ հայկական կողմը համապատասխան տվյալներ ունի, որ առաջնային գծում հակառակորդի դիպուկահարներ կան, որոնք խախտում են հրադադարի ռեժիմը:

«Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք հարեւանի հետ, որը մինչեւ վերջ չի գիտակցում, որ հակամարտության կարգավորման միակ ուղին դիվանագիտական խաղաղ ճանապարհն է: Եվ վստահության եւ երկխոսության մթնոլորտ ստեղծելու փոխարեն Ադրբեջանը պարբերաբար սրում է իրավիճակը: Մեզ համար հատկապես անընդունելի է այն, որ իրավիճակը սրվում է Հայաստանի հետ սահմանին, քանի որ հիմնական հակամարտությունը Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ է», - ընդգծել է Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ նորից հաճախակիացել են Հայաստանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Հոկտեմբերի 14-ի առավոտվանից հակառակորդը մի քանի անգամ կրակ է բացել Չինարի գյուղի ուղղությամբ: Մեկ օր առաջ գնդակոծության է ենթարկվել Այգեպար գյուղը:

Բացի դրանից, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծին ադրբեջանական կողմից անկանոն կրակոցների հետեւանքով վիրավորվել է մեկ հայ զինվոր: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին՝ ժ. 16:15-ին: