ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Փարիզում քննարկել են Ուկրաինայի հարցը եւ սեպտեմբերի 5-ի Մինսկի համաձայնագրի բոլոր 12 կետերի ամբողջական իրականացման անհրաժեշտությունը: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն եւ միջազգային հանրությունը չեն ճանաչում Դոնեցկում եւ Լուգանսկում անցկացված հանրաքվեի արդյունքները: «Դոնեցկում եւ Լուգանսկում անկախության հանրաքվե անցկացնելու բոլոր փորձերը ներկայում Մինսկի պայմանավորվածությունների խախտում կդիտարկվեն եւ չեն ճանաչվի Ուկրաինայի իշխանությունների կամ միջազգային հանրության կողմից»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հայտարարել է Քերրին:

Նա նշել է, որ Միլանի գագաթաժողովը կհստակեցնի Ուկրաինայի իրադրության կարգավորման հարցով Մինսկի պայմանավորվածությունների իրականացման հետագա քայլերը:

«Մինսկի պայմանավորվածությունները պետք է իրականացվեն ամբողջական ծավալով, չնայած դրանցից մի քանիսը քննարկման ենթակա են: Հետագա շաբաթների ընթացքում մարդիկ մանրամասն կքննարկեն այդ: Կարծում եմ՝ Միլանի հանդիպումը կհստակեցնի իրականացման (այդ պայմանավորվածությունների) գրաֆիկը, թե դրանցից որոնք են արդեն իրականացվել, որոնք՝ դեռեւս ոչ»,- հայտարարել է Քերրին:

Իր հերթին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայում հակամարտող կողմեր չեն: «Մենք պարոն Քերրիի հետ հակամարտող կողմեր չենք ներկայացնում: Ուկրաինական ճգնաժամի լուծումը հնարավոր է միայն ուղղակի բանակցությունների եւ հակամարտող կողմերի միջեւ պայմանավորվածությունների հասնելու միջոցով: Մինսկի գործընթացը հենց այդ է ենթադրում»,- ասել է նա:

Լավրովի խոսքով՝ Մինսկի պայմանավորվածությունները ենթադրում են հակամարտության կարգավորման բոլոր անհրաժեշտ քայլերը՝ սկսած հրադադարի հաստատումից մինչեւ վաղուց խոստացված քաղաքական երկխոսությունը: