ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համաձայնության են հասել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների գործողություններին առնչվող հետախուզական տվյալների փոխանակումն ընդլայնելու կապակցությամբ: Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Փարիզում կայացած հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Մենք ընդունում ենք փաստը, որ «Իսլամական պետությանը» պետք է հաղթել: Մենք համաձայն ենք, որ նրանք տեղ չունեն XXI-րդ դարում»,- ասել է Քերրին: «Այսօրվա հանդիպման ընթացքում ես նախարար Լովրովին նշեցի, որ կարող ենք ընդլայնել հետախուզության ոլորտում համագործակցությունը՝ տարածաշրջանում «Իսլամական պետության» եւ ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարի պայմաններում: Մենք համաձայնություն ձեռք բերեցինք այդ անելու վերաբերյալ»,- նշել է Քերրին:

«Մենք նաեւ պայմանավորվեցինք դիտարկել, թե լրացուցիչ ինչ կարող է անել Ռուսաստանը՝ իրաքյան անվտանգության ուժերին աջակցելու համար»,- ասել է Քերրին:

«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն գլոբալ դեր են կատարում խնդիրների լուծման հարցում, որոնք վերաբերում են բոլոր ազգերին եւ պետություններին»,- Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

«Ընդհանուր առմամբ, մի շարք հարցերում մենք կարող ենք ավելի արդյունավետ փոխգործակցել, որպեսզի բարձրացնենք համաշխարհային հանրության ջանքերի արդյունավետությունը: Դա վերաբերում է հատկապես ահաբեկչության դեմ պայքարին, որն այժմ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիայի գլխավոր սպառնալիքն է»,- ասել է Սերգեյ Լավրովը: