Ուկրաինան մտադիր է նոր գազատար կառուցել՝ Լեհաստանի միջոցով եվրոպական գազ ստանալու համար: Այս մասին գրում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը:

Ծրագրի իրականացման կառավարմանն օգնող լեհական «Polenergia» ընկերության անդամ Ռադոսլավ Դուդզինսկին նշել է, որ նոր՝ 110 կիլոմետրանոց գազատարի կառուցումը կարող է նախագծի մասնակիցներին շուրջ 245 մլն դոլար արժենալ: Նրա խոսքով՝ այդպիսին են «Նավթոգազ Ուկրաինա»-ի նախնական հաշվարկները:

«Կարծում եմ՝ գազատարը կարող է սկսել գործել 2019-2020 թվականներին»,- ասել է Դուդզինսկին՝ հավելելով, որ նախագծի իրականացումը կախված է անհրաժեշտ ֆինանսավորում գտնելու հանգամանքից:

Գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանը դարձել է առաջին երկիրը, որի միջոցով Ուկրաինան սկսել է Եվրամիությունից գազ ներմուծել: Ուկրաինան ամեն տարի 40-45 մլրդ խորանարդ մետր գազ է սպառում, որի կեսն ավելի վաղ գնում էր ռուսական «Գազպրոմ»-ից: Վերջինն այս տարվա հունիսին ամբողջությամբ դադարեցրել է վառելիքի մատակարարումները՝ գնի եւ ավելի վաղ մատակարարված գազի դիմաց պարտքերի պատճառով: