Հայաստանի ԵՏՄ մտնելուց հետո հայկական ընկերությունները ԱԱՀ-ի ավելի բարենպաստ ռեժիմ կստանան: Հոկտեմբերի 15-ին այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա նշել է, որ ԵՏՄ-ից ապրանքներ ներկրելիս ԱԱՀ-ի հայտարարագիրը հարկ կլինի ներկայացնել ոչ թե սահմանին, այլ մինչեւ հաջորդ ամսվա 20-ը: Նույնը կվերաբերի այդ երկրներում հայ արտահանողներին:
«Ռուսաստան եւ ԵՏՄ այլ երկրներ արտահանումն ավելի կհեշտանա: Եթե առաջ, ասենք, ռուսական սահմանին ԱԱՀ-ն պետք է վճարեր ռուսական ներկրող ընկերությունը, ապա այժմ 50 օր ժամանակ է տրվում: Նշանակում է, որ բիզնեսի շրջանառու միջոցներն են ավելանում», - պարզաբանել է նախարարը: Նա հավելել է, որ ԵՏՄ Հայաստանի արտահանման 98%-ը դեռ Ռուսաստանին է բաժին ընկնում:




























