«Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ Լիպարիտ Պետրոսյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից պահանջեց փոխել իրեն առաջադրված մեղադրանքը:
«Պահանջում եմ 258-րդ հոդվածի 4-րդ մասը (խմբ. խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) փոխարինել 316-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբ. իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ բռնությամբ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը), որն ինձ առաջադրվել էր բերման պահին: Միայն այդ ժամանակ ես կընդունեմ իմ մեղքը, քանի որ գիտակցում էի՝ ում որ մահակով հարվածում եմ, պետք է լինի կամ ոստիկան, կամ անվտանգության աշխատող»,-ասաց Լիպարիտ Պետրոսյանը:
Ամբաստանյալ Սեւակ Մնացականյանն էլ իր ճառում անդրադարձավ Հայաստանի տնտեսական վիճակին: Նա հայտարարեց, որ Հայաստանն այլեւս վստահելի երկիր չէ օտարերկրյա ներդրողների համար:
«Կառավարությունը գցեց սփյուռաքահայերին, թոշակառուներին: Մեր երկիրը քցող չարչու հոմանիշ ա դարձել, քանի որ այստեղ փող ներդնել՝ նշանակում է գումարը գցել գետը: Իրենց համար դա դրսեւորման ձեւ է, շարունակելու են այդպես անել, քանի որ դա իրենց հաճույք է պատճառում»,-ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ Հայաստանում մարդկանց հերոսների կոչում են տալիս միայն նրանց մահվանից հետո:
«Մոնթե Մելքոնյանն իր մահվանից առաջ ազգային հերոս չէր, մահվանից մի օր հետո դարձավ: Ի՞նչն օգնեց դրան՝ մահը: Էն մարդիկ, որոնք ողջ են դեռ, իրանցից կարելի է մի քանի բան քերել, տալիս են կոչումը»,-ասաց Սեւակ Մնացականյանը:
Ամբաստանյալներից մի քանիսը դեռ պատրաստ չէի ճառերին, դատական նիստը հետաձգվեց:
Նշենք, որ դատախազը Լիպարիտ Պետրոսյանի համար ` 6.5, Սեւակ Մնացականյանի համար 4 տարվա ազատազրկում է պահանջել:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։




























