«Ռոսնավթ» կորպորացիան դեռեւս վերջնական պատասխան չի տվել, արդյո՞ք պատրաստվում է ներդրումներ կատարել Հայաստանում կաուչուկի արտադրությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը:
«Մենք «Ռոսնավթ»-ից վերջնական պատասխան դեռեւս չենք ստացել: Նրանք չեն հրաժարվել նախագծից, բայց եւ «այո» չեն ասել»,- հայտարարեց Սաղաթելյանը: Ինչ վերաբերում է իտալական Pirelli-ի դիրքորոշմանը, որը «Ռոսնավթ»-ի հետ դիտարկում է նախագիծը, ապա իտալացիները ներդրումներ չեն կատարի, եթե «Ռոսնավթ»-ը հրաժարվի»,- պարզաբանեց «Նաիրիտ»-ի տնօրենը:
Նրա խոսքով, նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը «Ռոսնավթ»-ը դեռեւս չի ավարտել: «Եթե ավարտված լիներ, մենք կտեղեկացնեինք»,- հավելեց Սաղաթելյանը:
«Նաիրիտ» ՓԲԸ-ն Խորհրդային Հայաստանի խոշորագույն քիմիական գործարանն էր, աշխարհում քլորոպրենային կաուչուկի եզակի արտադրողներից: Ձեռնարկությունը չի գործում 2010 թվականից: 2006 թվականին Rhinoville Property Limited կոնսորցիումը 40 մլն դոլարով ձեռք բերեց գործարանի 90% բաժնետոմսերը (մնացած 10%-ը մնաց պետությանը), սակայն չփակեց 70 մլն դոլարի վարկային գիծը, որն այդ ժամանակ բացել էր ԱՊՀ Միջպետական բանկում: 2014 թվականի հունվարին Մոսկվայի միջնորդ դատարանը Rhinoville-ից Միջպետական բանկի օգտին 107.95 մլն դոլար պահանջեց:
2010 թվականից գործարանում արտադրական գործընթացը դադարեցված է: Ներկայում գործարանը շուրջ 102.9 մլրդ դրամի (շուրջ 250 մլն դոլար) պարտք ունի, որոնցից 63.1 մլրդ-ը՝ Միջպետական բանկին, 8 մլրդ-ը՝ բյուջեին, շուրջ 5.7 մլրդ էլ աշխատավարձերի պարտքն է:



























