Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարարությունում Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կայացան քաղաքական խորհրդակցություններ:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ֆրանսիական պատվիրակությունը` Ֆրանսիայի ԱԳ նախարարության Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեն:
Քննարկվեց հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ կատարվեց քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին` վկայակոչելով առկա ձեռքբերումները եւ դեռեւս չօգտագործված ներուժը:
Կողմերը քննարկեցին Ֆրանկոֆոնիայի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Տեղի ունեցավ նաեւ մտքերի փոխանակում՝ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերի վերաբերյալ:




























