Արցախյան հերոսամարտում վիրավորվելուց հետո շարժվելու ունակությունից զրկված ազատամարտիկ Արմեն Համբարձումյանը, որին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անձամբ զանգահարել և խոստացել էր անվճար վիրահատություն ապահովել, արդեն մի քանի շաբաթ է՝ բուժման նպատակով Կապանից մայրաքաղաք է եկել, սակայն Մուրացանի զինվորական հոսպիտալում նրան չեն ընդունել «տեղ չլինելու» պատճառաբանությամբ։ Արմեն Համբարձումյանը տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական-բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, իր խոսքով, իր բուժման հետ կապված որեւէ քայլ չի արվել։
«Ուղիղ 20 տարի Մուրացանի հոսպիտալում են պառկել, հիմա ասում են՝ տեղ չկա, այժմ Հանրապետական հիվանդանոցում եմ պառկած և սպասում եմ. ոչ մի բուժում, ոչ մի վիրահատություն, իմ մասին ոչ ոք ոչինչ չգիտի։ Այստեղ պայմաններ էլ չկան, քայլել չեմ կարողանում, անգամ զուգարան հասնելն ինձ համար մեծ խնդիր է. ո՞ւմ խնդրեմ, որ ինձ ամեն անգամ զուգարան ուղեկցի, նորից եմ ընկել, հիմա մյուս ոտքս էլ է վնասված»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը։
Պաշտպանության նախարարի հանձնարարականով իրեն զանգահարած Բուժվարչության պետի հետ Արմեն Համբարձումյանը կապվել չի կարողանում. պաշտոնյան նրա զանգերին չի պատասխանում։
«Զանգեցին խոստացան ու մոռացան»,- հուսահատված պատմեց Արմենը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, կապանցի Արմեն Համբարձումյանը Արցախյան հերոսամարտի մասնակից է, 1992թ. Ճակատենի մարտերում վիրավորվել է, և կրկին քայլելու համար պետք է վիրահատվի: 22 տարի Արմենն ապրում է եղբոր ընտանիքի հետ, սեփականը ստեղծել առողջությունը թույլ չի տվել։
Արմենի մասին NEWS.am-ի հրապարակումից ժամեր անց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անձամբ զանգահարել էր Արմենին և տեղեկացրել, որ նա անվճար կվիրահատվի։



























