«Ժառանգությունը» չի պատրաստվում ծանոթանալ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, քանի որ բովանդակային քննարկումների դաշտ չի մտնելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ մի փոքր է ծանոթացել հայեցակարգին, դրանից ավել իմաստ էլ չունի, քանի որ բովանդակային քննարկումների դաշտ չեն մտնելու: Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ իրենք առաջարկել են այն մոտեցումները, որի ընդունման դեպքում կմասնակցեն քննարկումների: «Մենք առաջարկել էինք 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցում, ընտրած անձանց ցուցակների հրապարակում, ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալ եւ երաշխավորել, որ սահմանադրության ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Եթե ընթացակարգերը, պրակտիկան գոյություն չունի, այն, ինչ տեքստում գրվում է, դառնում է գեղեցիկ խոսք, ոչ ավելին»,-ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ իմաստ չկա ծանոթանալ հայեցակարգին, քանի որ սա լինելու է հերթական կեղծված սահմանադրությունը, կեղծված ընտրությունները, որը ապահովելու է իշխանության վերարտադրությունը:

Հիշեցնենք, որ հրապարակվել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Այն ներկայացվել է նախագահին: