Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի պատրաստվում մտնել բովանդակային քննարկումների դաշտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ առայժմ չի ծանոթացել հայեցակարգին, երբ ժամանակ կլինի, կծանոթանա, սակայն դրանից իրենց դիրքորոշումը չի փոխվելու: Նաիրա Զոհրաբյանի համար ի սկզբանե պարզ են սկզբունքները եւ իրենք բովանդակային քննարկումների մեջ չեն մտնելու: «Այս պահին կառավարման համակարգ փոխելը նպատակ ունի երկարաձգել եւ պահպանել գործող Հանրապետական իշխանությունը, մեր երկրի պրոբլեմների պատճառը ամենեւին էլ Սահմանադրությունը չէ, սահմանադրությունը չի մեղավորը, որ հնարավոր չէ անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, որ դատարանները ծփում են կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ, որ ռեցեդիվիստին կարող են նշանակել բարձր պաշտոնի: Այն ուժերը, որոնք կարծում են, թե մեր երկրի խնդիրները պայմանավորված են կառավարման համակարգով, զբաղված են երեսպաշտությամբ»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Ստրասբուրգում զրուցել է Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ եւ նրանք եւս նշել են, որ կառավարման համակարգի փոփոխությունը քաղաքական տարր է պարունակում եւ դա ժողովրդավարության հետ կապ չունի:

Հիշեցնենք, որ հրապարակվել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Այն ներկայացվել է նախագահին: