Չինաստանի արժութային պահուստները 2014 թվականի երրորդ եռամսյակում անսպասելիորեն ռեկորդային մեծությամբ նվազել են: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով պաշտոնական վիճակագրական տվյալները:
Հուլիս-սեպտեմբերին պահուստները նվազել են 2.6%-ով (103 մլրդ դոլար)՝ հասնելով մինչեւ 3.89 տրիլիոն դոլարի: 1996 թվականից ի վեր ցուցանիշի անկում արձանագրվել է ընդամենը չորրորդ անգամ:
«Եթե ես իրավացի եմ, պահուստների կտրուկ նվազումը կապված է գլոբալ ներդրողների տրամադրվածությամբ եւ Չինաստանի սպեկուլյատիվ կապիտալի հոսքի հետ»,- ասիական շուկաների հարցով Bloomberg-ի վերլուծաբանի գնահատականն է մեջբերում գործակալությունը:
Այս տարվա առաջին կիսամյակում Չինաստանի արժութային պահուստների ծավալն աճել է 172 մլրդ դոլարով: Միաժամանակ, այդ երկրի առեւտրի նախարարության տվյալներով, Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 1.9%-ով եւ կազմել 9 մլրդ դոլար: Օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 7.2 մլրդ դոլար, ինչը չորս տարվա ընթացքում նվազագույնն է:




























