Ես մտադիր չեմ մեկնաբանել քաղաքական հայտարարությունները: Այս մասին հոկտեմբերի 16-ի Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Հայաստանի Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին քննադատությունը մեկնաբանելու մասին խնդրանքին: Օրերս Ծառուկյանը հայտարարել է, որ գործող Սահմանադրության քննադատությունը չպետք է անլուրջ լինի:

«Չեմ ցանկանում մեկնաբանել քաղաքական հայտարարությունները: Կարող եմ միայն նշել, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներն առավելագույնս բաց են եղել, դրանց մասնակցել եւ մասնակցում են ոչ միայն քաղաքական շրջանակների, այլեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ»,- նշեց Մանուկյանը:

Հարցին, կարո՞ղ է, արդյոք, իշխանությունն ընդառաջ գնալ ընդդիմությանը, որի մեծ մասն անսպասելիորեն դեմ հանդես եկավ կառավարման խորհրդարանական կարգին անցմանը՝ դա համարելով իշխանությունների վերարտադրման համար հնարավորության ստեղծում, Մանուկյանը պատասխանեց. «Քննարկումները բաց են, եւ դրանց արդյունքները կանխատեսել չի կարելի»: