Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Նախագահը կարեւորել է Եվրամիության շարունակական աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են բանակցային գործընթացի վերջին զարգացումներին՝ Սոչիի եւ Նյուպորտի գագաթնաժողովների, ինչպես նաեւ ամռանը Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում հրադադարի խախտման հետեւանքով առաջացած լարվածության մեծացման համատեքստում:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը երկուստեք համոզմունք են հայտնել, որ խաղաղ բանակցային ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ հնարավոր ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Հերբերտ Զալբերը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանն ու բոլոր այն գործնական քայլերին, որոնք կարող են ձեւավորվել խաղաղ բանակցային գործընթացում եւ նպաստել հակամարտության հանգուցալուծմանը: ՀՀ նախագահը շեշտել է, որ հարցի արդար կարգավորման առանցքը Ղարաբաղի ժողովրդի կողմից ազատ կամարտահայտության միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ այս փուլում բանակցությունների արդյունքների վերաբերյալ սպառիչ տեղեկությունների եւ որոշակի պարզաբանումների համար՝ նշելով, որ ստացած տեղեկությունները կզեկուցի ԵՄ անդամ պետություններին:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ս.թ. հոկտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից ակնկալիքների վերաբերյալ: