Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար ԲՀԿ-ի առաջարկած արտոնությունները մի շարք ռիսկեր են պարունակում: Այս մասին ասված է ԲՀԿ-ական պատգամավորներ  Նաիրա Զոհրաբյանի եւ Միքայել Մելքումյանի կազմած օրինագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության եզրակացությունում:

Մասնավորապես, պատգամավորներն առաջարկել էին սահմանամերձ շրջաններում փոքր բիզնեսի համար սահմանել զրոյական լիցենզիոն վճար:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ այս արտոնության հասցեականությանը  հետեւելը բարդ է. բիզնեսը կարելի է գրանցել սահմանամերձ շրջանում, իսկ աշխատեցնել մեկ այլ վայրում: Սահմանամերձ բնակավայրերի հողահարկն ու գույքահարկը պետբյուջեի միջոցներով սուբսիդավորելու վերաբերյալ  պատգամավորների առաջարկների մասով  ֆինանսների նախարարությունն առաջարկել է  արտոնությունը տարածել  տվյալ բնակավայրերի սահմաններում ունեցած հողի գույքի հարկի վրա:

Միեւնույն ժամանակ ֆինանսների նախարարությունն օրինագիծը համարում է  ընդունելի եւ ԲՀԿ-ին առաջարկում է  համատեղել ջանքերը կառավարության հետ, որը նույնպես  օրինագծերի փաթեթ է մշակում սահմանամերձ շրջաններին աջակցություն ցուցաբերելու  հարցով: