Հայաստանում կընդլայնվի ստորգետնյա ջրերի մշտադիտարկման ցանցը: Այս մասին որոշում է կայացվել Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում:  Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ մշտադիտարկման կետերի թիվը պետք է ընդլայնվի. ջրի ծավալի եւ որակի մասին տվյալների անբավարարություն է զգացվում:

Ուսումնասիրման կարիք ունի ոչ միայն ոռոգման ջրի ծավալը, այլեւ  խմելու ջրի որակը: Մասնավորապես,  անհրաժեշտ է հետեւել, որպեսզի դրա աղբյուրները չաղտոտվեն թափոններով եւ  չխառնվեն հանքային ջրերին, առավել եւս, որ ստորգետնյա ջրերը կազմում են երկրի խմելու ջրերի պաշարների 96%-ը: Ելնելով դրանից, հանրապետության մշտադիտարկման ցանցը նախատեսվում է  ընդլայնել 70-ից մինչեւ 128 կետի: