ԱՄՆ-ում Էբոլայի համաճարակի բռնկման հավանականությունը շատ քիչ է, հայտնում է The Washington Post-ը՝ մեջբերելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերը:
Ըստ աղբյուրի՝ նախագահն ընդգծել է, որ անձամբ է շփվել Էբոլայով վարակված հիվանդին բուժող բուժանձնակազմի հետ:
«Ես Էմորիում սեղմել եմ մի քանի բուժքույրերի ձեռքը, գրկել եւ համբուրել՝ հիվանդներից մեկին բուժելու անձնուրաց աշխատանքի համար, եւ ես ինձ դա անելիս բավական լավ էի զգում», - ասել է նախագահը:
Օբաման ընդգծել է, որ Էբոլայի համաճարակը գրիպի նման օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում: Այն փոխանցվում է միայն արյան եւ մարդու օրգանիզմի այլ հեղուկների հետ ուղղակի շփման ճանապարհով, որոնք նախկինում վարակված էին: «Ես միանգամայն վստահ եմ, որ մենք կարող ենք կանխել հիվանդության լուրջ բռնկումն ԱՄՆ-ում, սակայն սա ավելի դժվար կլինի, եթե Էբոլայի համաճարակը Արեւմտյան Աֆրիկայում դուրս գա վերահսկողությունից», - ասել է Օբաման: «Եթե դա տեղի ունենա, ապա վարակը կսկսի տարածվել ողջ աշխարհում»:




























