Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ նախագահի 2014թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգեւները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ եւ դրամական պարգեւ:

Այս տարի ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւին արժանացել են 26 ուսանող եւ 16 աշակերտ 5 բուհից եւ 8 ավագ դպրոցից: Հաշվի առնելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ բուհական տեխնոլոգիական կրթական համակարգում ունեցած մեծագույն ավանդը, ինչպես նաեւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության 10-ամյակի կապակցությամբ «Սինոփսիս» ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Չի-Ֆուն Չանը եւս արժանացել է ՀՀ նախագահի կրթական պարգեւին:

Պարգեւատրման արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած եւ նախագահի 2014թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին, մաղթել հաջողություններ:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգեւների հանձնման արարողության ժամանակ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի կրթական մրցանակների հանձնումը ինձ համար ամենահաճելի, ամենաուրախալի պահերից մեկն է: Մենք շատ ենք խոսել այս մասին եւ հիմա էլ պետք է կրկնենք, որ ՏՏ ոլորտը մեզ համար գերակայություն է, եւ այսօր այդ ոլորտը հանդիսանում է ոչ միայն մեր ապագան, այլ այլեւս մեր ներկան է: Եվ բոլոր այն պետությունները, ժողովուրդները, հասարակությունները, ովքեր սա ճիշտ են ըմբռնում եւ ովքեր այս ոլորտում կարող են ունենալ հաջողություններ, ուրեմն ապագան իրենցն է:

Ուզենք, թե չուզենք, մենք պետք է դառնանք տեղեկատվական հասարակություն: Սա մի հուն է, ուր վաղ թե ուշ պիտի մտնեն բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ժամանակակից քաղաքակրթության մաս: Որքան շուտ եւ որքան լիարժեքորեն մեզանում կայանա տեղեկատվական հասարակությունը, այնքան լավ եւ՛ երկրի, եւ՛ ժողովրդի համար: Որքան ուշ մենք թեւակոխենք այդ փուլը, այնքան ավելի շատ խնդիրներ կունենանք: Սա ակնհայտ է: Եվ սա ժամանակի հրամայականն է ու կախված չէ որեւէ իշխանությունից:

Այստեղ ներկա մրցանակակիրները եւ նրանց հասակակից ընկերներն այն կարեւոր հիմնասյունն են, որի շուրջ պետք է ամրանա տեղեկատվական հասարակություն ասածը: Համենայնդեպս, մենք ունենք նման ակնկալիքներ եւ հուսով ենք, սիրելի մրցանակակիրներ, որ դուք մեզ հուսախաբ չեն անի:

Սիրելի՛ մրցանակակիրներ,

Ես շնորհավորում եմ ձեզ այս պարգեւներին արժանանալու առթիվ: Բայց հատկապես ես ձեզ շնորհավորում եմ, որովհետեւ դուք հաջողակ եք: Դուք ունեք բոլոր հնարավորությունները հետագայում զարգացնելու ձեր հաջողությունները: Դուք թանկ եք մեզ համար, որովհետեւ ցանկացած երկրում, ցանկացած ոլորտում՝ լինի արվեստ, գրականություն, թե տնտեսություն, ամեն ինչ առաջին հեթին կախված է հաջողակ անհատներից, ամեն ինչ հենված է այդ մարդկանց վրա: Նման անհատների կարիք ունեն բոլոր-բոլոր երկրները՝ մեծ, թե փոքր, իսկ մենք՝ հատկապես:

Այսօր երիտասարդների շրջանում մոդայիկ է «կրեատիվ» բառը: Բայց ինձ համար, որպես ավագ սերնդի ներկայացուցչի, ավելի հասկանալի եւ սրտամոտ է «ստեղծագործ» բառը: Հայերեն այս բառը, կարծում եմ, ավելի տարողունակ է եւ իր մեջ ունի եւ՛ ստեղծելու, եւ՛ գործելու իմաստները: Դուք արժանացել եք պարգեւների հենց այն բանի շնորհիվ, որ ձեր աշխատանքում ցուցաբերել եք ստեղծագործական մոտեցում: Շարունակե՛ք նույն ոգով, եւ ձեզ կսիրեն ավելի շատ, կհարգեն եւ կգնահատեն ավելի բարձր: Շարունակե՛ք աշխատել ձեր մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ, բայց ոչ թե ուրիշների ասածները սերտելով, այլ ստեղծագործաբար յուրացնելով: Ուսումը նույնպե՛ս դարձրեք ստեղծագործական աշխատանք, եւ ձեր հայացքի առաջ կբացվի այն, ինչը չկա գրված դասագրքերում եւ ուղեցույցների մեջ:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ: Ավագ դպրոցներն ու համալսարաններն այն սահմանագիծն են, այն դարպասները, որոնցով դուք մտնում եք, այսպես կոչված, «մեծերի աշխարհ», իսկ «մեծերի աշխարհն», հավատացեք, շատ ավելի բարդ է: Այստեղ մրցակցությունը շատ ավելի կոշտ է, այստեղ միշտ չէ, որ կանոններով են աշխատում, եւ այս միջավայրը ավելի ստերիլ չէ: Մաղթում եմ ձեզ, որ հանկարծ չնահանջեք ձեր ճանապարհից եւ չհուսահատվեք որեւէ պարագայում: Վստա՛հ եղեք, որ դուք ուժեղ եք, եւ հաջողությունն անպայման կհասնի ձեզ:, որովհետեւ դուք շնորհաշատ եք, դուք կամք ունեք եւ ձեր ապագան, եթե ծուլություն չանեք, սխալ ճանապարհով չգնաք, ապահովված է: Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Ապրեք»:

Նախագահը հորդորել է պարգեւատրված ուսանողներին եւ աշակերտներին՝ երբեւէ չընկճվել քննադատություններից, եթե համոզված են իրենց ուղու, սկսած գործի ճշմարտացիության մեջ եւ վստահորեն շարունակեն առաջ ընթանալ: Այդ համատեքստում Հանրապետության նախագահը նշել է, որ կրթության ոլորտում պետության որդեգրած քաղաքականությունը ճիշտ է եւ եւս մեկ անգամ ընդգծել, որ կրթությունը, գիտությունը մեր երկրի հիմքն են ու ապագան: