Եվրոպական Խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խումբ է ստեղծվել, որի առթիվ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Լիտվայի Սեյմասի Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն խորհրդարանում հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ս.թ. հոկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանում հայտարարվել է Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին: Խումբը ղեկավարելու է ԵԺԿ խմբի անդամ Ֆրանկ Էնգելը:

Խմբի ստեղծման հայտարարության մեջ նշվում է, որ իր գործունեությունը հիմնականում ուղղելու է Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների խթանմանը եւ քաղաքացիական հասարակության հետագա զարգացմանը, որոնք, ըստ էության, մեզ համար կարեւոր եվրոպական արժեքներ են:

Խումբը կազմված է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, որոնք նպաստելու են ԵՄ եւ Արցախի միջեւ տարբեր բնագավառներում, մասնավորապես քաղաքացիական հասարակության եւ ոչ պետական սեկտորի միջեւ կապերի հաստատմանը:

Խումբը ձեռնամուխ է լինելու տարածաշրջան տարբեր այցերի իրականացմանը, ինչպես նաեւ նպաստելու է Արցախի մասնակցությանը տարբեր միջազգային ֆորումներին եւ ԵՄ տարատեսակ ծրագրերին:

Խմբի ղեկավար պարոն Էնգելն ասել է. «Մենք ցանկանում ենք մարդկանց իրազեկել տարածաշրջանի չճանաչված հատվածի մասին, որը, ի վերջո, ժողովրդավար հանրապետություն է եւ ցուցաբերում է համապատասխան վարքագիծ»:

ԼՀ Սեյմասի Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբը շնորհավորում է իր գործընկերներին եւ մաղթում հաջողություններ՝ ընդգծելով, որ խմբի գործունեության նպատակները ամբողջովին համահունչ են մեր խմբի հիմնադրույթներին եւ արդեն իսկ ուրվագծվում են փոխգործակցության հնարավոր ուղիները:

Ասել ենք եւ կասենք, որ մենք պետք է շփվենք եւ համագործակցենք ազատ եւ ժողովրդավար երկրի ազատ քաղաքացիների հետ, ինչպիսին ինքներս ենք հանդիսանում:

Մենք պետք է սատարենք ժողովրդավար հասարակություն ձեւավորելու արցախցիների ձգտումը, ինչպես սատարել ենք իրենց 1990 թվականին, քանի որ ազատությունն ու ժողովրդավարական արժեքները չունեն ժամանակային սահմանափակումներ, ինչը, ցավոք, երբեմն մոռացվում է»: