Գյումրու «Մուշ 2» թաղամասում մարտի 15-ին ազգությամբ քուրդ խորթ հորը`54-ամյա Էվիլիա Գյուլիշթեքինին սպանած, ազգությամբ եզդի 23-ամյա Մաքսիմ Բաքոյանի փաստաբանը դժգոհ է գործի դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունից, պատրաստվում է բողոքարկել այն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մամիկոն Մուրադյանը:
«Դատահոգեբանական փորձաքննության պատասխաններով` նրա մոտ հոգեկան խիստ լարված վիճակ է եղել, ոչ թե աֆեկտիվ: Ամեն դեպքում, ես համաձայն չեմ փորձագետի եզրակացության հետ ու վիճարկելու եմ այն»,- ասաց Մամիկոն Մուրադյանը:
Ըստ փաստաբանի` քննիչը չի պարզել գործի որոշ կարեւոր հանգամանքներ: Նա տեղեկացրեց, որ միջնորդել է կրկին հարցաքննել ու առերեսման հրավիրել այն 6 վկաներին, որոնք դեպքի օրը շփվել են Մաքսիմ Բաքոյանի հետ եւ կարող են պատմել, թե ինչ վարքագիծ է այդ օրը դրսեւորել Մաքսիմը:
«Քննիչը քննություն չի կատարել այն մասին, թե դեպքի օրը Մաքսիմն ինչ վարքագծով է եղել, ինչ հոգեկան ապրումներ է ունեցել, ինչ արտահայտություններ է արել: Վկաներին այս մասով չի հարցաքննել, թերացել է»- ասաց փաստաբանը:
Մամիկոն Մուրադյանի խոսքով` սպանությունը ոչ կրոնական հողի վրա, ոչ էլ վրեժից ելնելով է կատարվել. կենցաղային վեճ է՝ ողբերգական ավարտով. «Մաքսիմի մոտ հոգեկան գրգռվածություն է եղել, երբ այդ քայլն է կատարել: Եթե հակառակը լիներ, ինչպես ներկայացնում են, դե թող 3 ամիս հետը չապրեր, Հայաստան գալու պահից ինչ-որ անելու էր, աներ»:
Մամիկոն Մուրադյանը պատրաստ է դիմել մարզի, ապա ՀՀ գլխավոր դատախազին, եթե իր միջնորդությունը չբավարարվի :
Հիշեցնենք, որ Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, մեկ տարի առաջ Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջև հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին: Մարտի 15-ին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի և իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: «Մաքսիմն էլ՝ թե ոնց, դու մամայիս փողով ե՞ս սպանել, դու հասկանում ե՞ս՝ ինչ ես խոսում»,- ըստ Մաքսիմի հորաքրոջ, ասել էր տղան, վիճել խորթ հոր հետ ու դանակահարել նրան։
23-ամյա Մաքսիմ Բաքոյանը կալանավորված է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 104 հոդված 1-ին մասի հատկանիշներով:



























